Օր, որը տոն դարձավ ....
Ա՜յ քեզ հագեցած օր …. Որտեղի՞ց սկսեմ, դա էլ չգիտեմ: Ինչպես գիտեք՝ կրթահամալիրում «Կարդում ենք» նախագիծն է մեկնարկել, հենց այս նախագծի շրջանակներում
էլ որոշեցինք
գնալ Չարենցի կամարի մոտ արտասանել Չարենց և մի ամբողջ օր «չարենցոտվել»: Մեր՝ դեպի Չարենցի կամար ճամփորդությունը վերածվեց կանգառներով և անակնկալներով լի ուղևորության: Առաջին կանգառը եղավ Գեղարդում: Այնտեղ քայլելուց, մոմավառությունից և եկեղեցու ջրով (ասում են այդ ջուրը բուժող է) լվացվելուց
հետո կրկին տեղավորվեցինք
մեքենայում՝ շարժվելու Չարենցի հետքերով: Հասանք այնտեղ, ուր «Ես իմ անուշ Հայաստանի» արտասանելու
համար էինք շտապում: Իհարկե, ասում ենք արտասանել, բայց ի՞նչ Սեբաստացի, որ,
Չարենցի մոտ հասնելով, մի Խըռ էլ չպարի .... Պարեցինք, երգեցինք, լիքը– լիքը բանաստեղծություն արտասանեցինք,
ու եկավ սպասված պահը, երբ պետք է փորձարկեինք կրթահամալիրում պատրաստված դահուկներն
ու սահնակները: Եվ, ասեմ, արդյունքները սպասելիքներին գերազանցեցին: Աննմա՜ն էր ….
Ձյուն, ձմեռ, արգելոց, սահնակ, դահուկ ու մի խումբ սեբաստացիներ, դե՛, պատկերացրե՛ք
….Ձների մեջ վերջնական թավալ գալուց ու թրջվելուց հետո իրար գլխի
հավաքվեցինք: Ուղևորվում ենք Ջրվեժի Սբ.Կաթողիկե եկեղեցի: Էսպիսի բան տեսե՞լ էիք, մեր՝ արշավականների
արշավել շատ սիրող խումբը հաստատ չէր տեսել. Գնացինք, հասանք եկեղեցու բակ ու եկեղեցի չմտանք: Ինչո՞ւ, կհարցնեք: Պատմեմ: Այնքան ոգևորվեցինք,
երբ եկեղեցու բակ չհասած՝ մեքենայի միջից տեսանք բակում նոր-նոր սկսվող միջոցառում-հավաքույթ-մրցանակաբաշխություն-մրցույթը
Բարեկենդանի տոնի կապակցությամբ: Խառնվեցի՜նք,
անմիջապես խառնվեցինք մեր սեբաստացիական բնավորության համաձայն: Խաղ էին խաղում, երբ
զարմացած ու ուրախ հայացքները մեզ վրա հառեցին: Արժանացանք ջերմ ու սիրալիր ընդունելության:
Խաղն ավարտելուց հետո միանգամից անցանք պարելու: Էջմիածնի, Փոփուռի, Ծաղկաձորի …. Պարեցինք
ու պարեցինք: Հանկարծ եկավ մրցանակաբաշխության պահը, ու ո՛չ, ավել, ո՛չ, պակաս, ամենաաշխույժի
անվանակարգը տրվեց մեզ՝ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներիս: Այո՛,
հենց այսպես էլ հայտարարեցին (ինձ լավ զգացի այնքան , որքան վերջին օրերիս վարկանիշավորման աղյուսակում
առաջին տեղում լինելու ժամանակ): Մի մրցանակ էր, էդ էլ ստացանք, էլ մնում ենք՝ ի՞նչ անենք: Անակնկալ հանդիպումն ավարտեցինք
մեր ազգային «Յարխուշտայով»: Նստեցինք մեքենան, մի քանի կիլոմետր հեռացանք եկեղեցուց
ու տպավորություններով կիսվելուց հետո միայն հասկացանք, որ եկեղեցի չենք մտել: Բա՞,
էդպես էլ է լինում: Երևի ոչ մի ճամփորդության ավարտին այսքան չէի սպասել, որ տուն մտնելուն
պես մտքերս շարադրեի: Հասանք, գրեցի, կիսվեցի: Սա էլ էսպես. մենք մեզ Չարենցյան մի ամբո՜ղջ օր պարգևեցինք….
Комментарии
Отправить комментарий