Արմավիրի մարզ՝ գյուղ Սարդարապատ

Ճամփա բռնեցինք դեպի Արմավիրի մարզ, շա՜տ դպրոցներ ենք այցելել, բայց այս մեկն ուրիշ էր … Հասանք Սարդարապատի միջնակարգ դպրոց: Դպրոցի աշխատակիցներից էր կրթահամալիրի սովորող Աստղիկի քեռին, (երևի թե հենց այդ պատճառով էինք այդքան ոգևորված, որ այցելեցինք հենց այդ դպրոց):
Միանգամից ասեմ՝ առաջին իսկ պահից հասկացանք, որ սրտաբաց, հյուրընկալ մարդիկ էին տանտերերը: Չեմ կարող չխոսել նրանց՝ այդքան գրավիչ խոսքով ելույթ ունեցող տնօրենի մասին, ով բավականին երկա՜ր տարիներ աշխատել է այդ դպրոցում՝ սկզբում որպես մանկավարժ, իսկ հետո` արդեն որպես տնօրեն: Ես կարող եմ վստահեցնել, որ նա այդ անձնվեր գործը կատարում է մեծ սիրով ու եռանդով: Դա հասկացա դպրոցի ներկայիս վիճակից, կարգ ու կանոնից, պայմաններից: Այն ունի շատ հնարավորություններ, բարեկամական լայն կապեր արտասահմանյան երկրների դեսպանատների հետ: Ծանոթացանք խելացի և մեծ հաջողությունների հասած սովորողների հետ. այս պահին դպրոցի 16 սովորող Գերմանիայում է սովորում ու վերապատրաստվում: Արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում են ԳԴՀ Սաքսոնիայի Անհատ նահանգի Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի հետ: Այս տարիներին իրականացվել են բազմաթիվ փոխայցելություններ, որոնք նպաստել են ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Դպրոցում ամեն տարի մեկնարկում է «Գերմաներեն լեզվի դիպլոմ» ծրագիրը, որի շրջանակներում են դպրոցի սաները, հանձնելով քննություններ գերմաներեն լեզվով, հնարավորություն են ունենում ուսումը շաարունակելու Գերմանիայի Դաշնային Հանրաապետության (ԳԴՀ) բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այստեղ երեխաները, ի տարբերություն մյուս դպրոցների աշակերտների, այնքան էլ չզարմացան՝ իմանալով մեր ուսումնական գործունեության, սննդի կազմակերպման մասին, ասեմ ավելին՝ նրանք նույնպես առաջնորդվում են առողջ սննդի բանաձևով: Դպրոցն ունի շատ անվանական դասարաններ. գնահատելով ու մեծարելով մեր հերոսներին՝ անմահացրել են հուլիսի 31-ին իրականացված դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանին՝ դասարաններից մեկը կոչելով նրա անվամբ։ Նրանք ունեն նաև երգչախումբ, որի անդամները մեզ հիացրին իրենց կատարումով հենց եկեղեցում: Մենք խոստացանք հաստատել բարեկամական կապեր նրանց հետ և հրավիրելով մեր կրթահամալիր՝ գործել միասին, և նրանք մեծ հիացմունքով սպասում են մեր հրավերին: Ինչպես հասկացաք, այս դպրոցի մասին կարելի է խոսել երկա՜ր ու երկա՜ր, բայց կթողնեմ, որ ընկերներս էլ պատմելու բան ունենան: Մի նախադասությամբ ամփոփելով խոսքս՝ կասեմ, որ շատ հաճելի պահեր ապրեցինք այսօրվա մեր ճամփորդության ընթացքում և կցանկանայինք, որ յուրաքանչյուր մարզ այցելելուց վերադառնանք այսքան մեծ հիացմունքով ու հպարտությամբ ...





















Комментарии

Популярные сообщения