Նար - Դոսի կենսագրությունը

Նար-Դոսը քննադատական ռթեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝ ժամանակի գրական հայերենի բարձրակետը:

Նար-Դոսը (նարդոս ծաղկի անունից է, իսկական անուն-ազգանունը՝ Միքայել Հովհաննիսյան) սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում: Հետագայում ինքնակրթությամբ հարստացրել է գիտելիքները. կարդացել է հայ գրողների գործերը, հրապուրվել անտիկ ու Վերածննդի շրջանի մշակույթներով, փիլիսոփայական, գեղագիտական ուսմունքներով, XIX դարի եվրոպական և ռուսական գրականությամբ: Նար-Դոսը երկար տարիներ, կարիքից դրդված, չնչին վաստակով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում, որտեղ էլ տպագրվել են գրողի առաջին ստեղծագործությունները: «Նոր դարի» ընդհատվելուց հետո աշխատել է «Աղբյուր–Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում:
  Գրական փորձերն սկսել է վաղ տարիքից. գրել է բանաստեղծություններ, ապա՝ դրամատիկական գործեր: Սակայն նրա ստեղծագործական ձիրքը կատարելապես դրսևորվել է արձակում:
  Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև: Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է: Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»):
  1890-ական թվականներից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության նոր շրջանը, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը:
  «Սպանված աղավնին» (1898 թ.) վիպակում գրողը պատկերել է մի կնոջ խեղված ու ողբերգական ճակատագիրը: Հերոսուհին՝ Սառան, կործանվում է ոչ թե իրականությանը համակերպվելով, այլ բարձր արժանապատվությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ:
  «Նեղ օրերից մեկը» (1904 թ.) և «Խմբագիրը» (1913 թ.) պատմվածքներում առանձնակի ուժով են դրսևորվել գրողի ցավն ու մտահոգությունը հայ մտավորականների ճակատագրի համար:
  Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝ պահպանողականների (նորդարականներ) և ազատամիտների (մշակականներ) բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ:
  1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական կյանքն ավելի ընդգրկուն են արտահայտված «Մահը» (1912 թ.) վեպում: Այստեղ ներկայացված են հոռետեսական փիլիսոփայությունը որդեգրած` «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները, որոնց հակադրվում է թուրքական բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար կյանքը զոհաբերած անհատը: Վեպը հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է:
  Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը: Իր գործերում նա հավատարիմ է «գրականությունն ու լեզուն սիրում են հայրենի հող, հայրենի ժողովրդի մթնոլորտ» սկզբունքին:
  Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Նար-Դոսի «Մահը» (1988 թ.) վեպը, էկրանավորվել է «Սպանված աղավնին» (2009 թ., «Երևան» կինոստուդիա) վիպակը:
  Նար-Դոսի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի առջև տեղադրված է նրա կիսանդրին, փողոցներ` ՀՀ և ԼՂՀ տարբեր քաղաքներում:
  Նար-Դոսի որդին՝ Նար Հովհաննիսյանը (1913–1995 թթ.), Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:

Комментарии

Популярные сообщения