Անուշ

Նախերգանք

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:
-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:
Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:
Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին…
Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…
Ու նըրանց հետ` ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:
-Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրի՜կ,
Վու՜շ քու սերին, քու յարին…
Վուշ-վու՜շ, Սարո՜, վուշ-վու՜շ, իգի՜թ,
Վու՜շ քու սիրած սարերին…
-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Երգում էին ողջ գիշեր:
Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի`
Անտես, անհետ չըքացան:
Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների,
Ալիքները պաղպաջուն:
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
I
Կանչում է կըրկին, կանչում անդադար,
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փըռած տիրաբար`
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղու՜ց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած`
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:
Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փաղցըրին բերին անառիկ Լոռի:
II
Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես` նըրանց եմ կանչում:
Ողջու՜յն Ողջու՜յն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես:
Դու´րս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դու´րս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,
Լըցրե´ք պոետի հաճույքը վսեմ…
III
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սու՜ս, ակա´նջ արա,-հովիվն է կանչում…
IV
-Աղջի´, Անաստված, նըստի´ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր:
Ամա՜ն, էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով,
Էլ չեմ դիմանալ, կըփախցընեմ զոռով,
Ա´յ սարի աղջիկ,
Ա´յ սիրուն աղջիկ,
Ա´յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման.
Ա´յ սև աչքերով,
Ա´յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:
V
Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի´, որ կանչում էր մեզ.
Դու չես իմանում…ականջ արա, տե՜ս…
-Հերի´ք է, Անու´շ, ներս արի դագեն,
Քանի´ դուրս թըռչես, նայես դես ու դեն.
Տեսնողն էլ կասի- ի՜նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա:
-Մըտի´կ տուր, նանի´, էն սարի լանջին,
Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին…
Նանի´, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ:
-Հանգի´ստ կաց, Անու´շ, դու հասած աղջիկ`
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի´, ամոթ է, ամո՜թ:
-Ա՜խ, սիրտըս, նանի´, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխու՜ր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ` թե ու՜ր, չըգիտեմ` թե ուր…
Նանի´ ջան, նանի´, ես ին՞չպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ,
Նանի´ ջան նանի´, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…
VI
Կըժերն ուսած` թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր:
-Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ու՞մ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոբգուր էն սարում:
Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից:
Գալիս` անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից:
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՜վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի…
-Աղջի´, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն` եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով…
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:
VII
Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
-Էն ե՜րբ էր` Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ…
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի…
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
-Ու կորար, Անու՜շ, ա´յ մազըդ կըտրած…
Ու ձորի գըլխին. Ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին:
-Աղջի՜, սևասի՜րտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի.
Ամպը կոխել է, աշխարհքը մըթնել,
Ի՞նչ ես կորցըրել` չես կարում գըտնել…
Աղջի, հե՜յ Անուշ, ա´յ աղջի՜, Անու՜շ…
Ծընկանը զարկում, հառաչում է «վու՜շ».
Ու ձորի գըլխին մոլորված կանգնած
Նայում է ներքև սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերը պատել:
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:
VIII
-Թո´ղ, կանչում են ինձ…մերըս կիմանա…
-Չէ´, Անո´ւշ, քի´չ էլ, մի´ քիչ էլ մընա…
-Չէ´, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես…
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում…
Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…
Ես ե՜րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա´վ
, Էնքան մընացի` աչքըս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չես ասում`
Ինչ կըլանում ես…
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես կըհալվեմ,
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ `
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…
Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով`
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում…
-Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.
Բա դու չե՞ս լըսում
Են, որ լանջերին խաղեր եմ ասում.
Ո՞ւմ հետ եմ խոսում…
Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,
Էն ո՞ւմ եմ կանչում…
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞ւ մ հետ եմ լինում…
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ո՞ւմ եմ հիշում…
Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստվա´ծ Անո՜ւշ…
Արբեցա՜ծ, անո՜ւժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա՜վ, հանգա՜վ…
IX
-Անու՜շ, ա´յ աղջի՜, Անու՜շ, տու´ն արի…
Կանչում է մերը, հառաչում, կանչում:
-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜…
Ձորից աղջկա ձենն է ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը` փախած եղնիկի նըման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին…
Ա՜խ, անհոգություն ջահել աղջկա…
Նանի´, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի´, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի` թուրքեր էին լողանում…
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած`
Դատարկ ետ բերած հին կուժը ուսին:
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
X
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏԸ
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Եկավ Համբարձում
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
-Ո՞վ է մեզ գւրված:
-Ա´յ ջան տղա, չոբա´ն տղա, ու՞մն ես դու:
-ԱՍտված գիտի, աշխարհ գիտի` իմն ես դու:
Դե հանի´ր, աղջի´,
Վիճակն ի բարին,
Երգերով գովենք
Էն իգիթ յարին:
-Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,
Ի՜նչ դարդ ունեմ քանի նա կա աշխարհի:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Հուր սըրտեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,
Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
Ելնում է մեկին իր երազն ու սեր,
Մյուսի մուրազը սըրտումն է մընում:
XI
Պըտույտ է տալիս վիճակը նորից
Քուշուշքը գըլխին ծաղիկ Ծաղկամեր,
Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից,
Հետը գըվգըվում են ծաղկոտ սարեր:
-Ա´յ թուխ մազավոր աղջիկ,
Ա´յ սարի սովոր աղջիկ,
Ջիգյարին գյուլլա դիպչի
Քեզ սիրի ով որ, աղջիկ:
_Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ,
Սևաբա´խտ քուրիկ, նազելի Անուշ.
Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր…
Ու ողջ մընացին մոլորված, ապուշ:
-Սուտ բան է, քուրի´կ, դու մի´ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա.
Սիրտըդ մի´ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղը խաղա´, ջան գյուլում ասա:
-Ա՜խ, չէ´, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ.
Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել…
Ես միշտ էլ էսպես անբախտ կլինեմ.
Մանուկ օրից են դեռ ինձ անիծել…
Ասում են` մի օր, ես օրորոցում,
Մի պառավ դարվիշ մեր տուն է գալի,
Իր խաղն ասում է ու բաժին ուզում,
Իմ նանը նըրան բաժին չի տալի.
-Կորի´, ասում է, կորի´ մեր դըռնից,
Երեխաս ճաքեց, հեռացի´ր, գընա´…
Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ,
Էե` դըրա օրը լացով անց կենա…
Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ
Ու էս վիճակին տեղյակ է աստված.
Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մու՜թ,
Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված…
-Մի´ տըրտմիր, Անու´շ, մի´ լինիր համառ.
Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ,
Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար,
Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՜ք…
Հանգի´ստ կաց, քուրի´կ, դու մի´ հավատար,
Լոկ պատահական մի չար խոսք է սա,
Սիրտըդ մի´ կոտրի սուտ բանի համար,
Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա:
/Խումբը երգում է/
Աղջի, բախտավո´ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչերին:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սեր-օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սար-յարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
/Անուշը մենակ/
Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում` դեպի ուր…
Դողում է պաղ նըրա ձենից
Իմ սիրտը սև ու տըխուր:
Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք,
Թաքուն մի ցավ ունիք լուռ,
Աչիկներըդ լիքն է արցունք,
Սիրտներըդ սև ու տըխուր:
Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում
Տանջվում են միշտ էսպես զուր,
Տըրորվում են ու թառամում`
Սիրտները սև ու տըխուր:
/Խումբը հեռվից/
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Վառ ցավեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
ԵՐՐՈՐԴ ԵՐԳ
XII
Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք`
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:
Հարա՜յ են տալի-« քաշի՜ հա, քաշի՜…»
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին:
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի:
Գոռում են, գոչում երկու բանակից.
-Սըրտապինդ կացե´ք, մի´ վախեք, տըղե´րք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարս ու աղջըկերք:
XIII
Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում,
-Թող գա՜, գոռում է, որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռից:
Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբել է նա…
Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա…:
Ու ամեն կկողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են , գոռում.
-Չե´լավ, էդ չե´լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ ելավ-
Խոզապարկուկ էր…
Հա´, հա´, հա´, տըղե´րք,
Մեջքը թափ տըվեք…:
XIV
Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր:
-Ամո՜թ քեզ, Մոսի´, թու´ք ու նախատինք,
Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
Մի անունըդ հիշիր, մի բոյիդ մըտիկ,
Դեռ քո թիկունքը չէր տեսել գետին:
Ի՜նչպես վեր ընկար դու՜ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած…
Դու՜ կուչ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց…
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին…
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին…
Դե մեռի´ր էլի´, գետինը մըտի´ր,
Տանը վե´ր ընկի´ր` իլիկ պըտըտիր…:
XV
-Վա՜յ, վա՜յ, Մո´սի ջան, ինձ մի´ ըսպանիր,
Սըրանից հետո չե´մ սիրիլ նըրան…
Վախենում եմ ես… ղամեդ տեղը դիր…
Սիրտըս դողում է տերևի նըման…
Խնդրում էր լալով եղբոր առաջին
Անզոր ու դալուկ իր քույրը չոքած.
Մոսին` փայլկըտուն խանչալը ձեռին`
Ուզում էր մորթել նըրան աչքը բաց:
-Դե իմ անունով երդվի´ի, անըզգա´մ,
Որ էլ Սարոյին դու չես սիրելու,
Թե չէ` տեսնու՞մ ես, խանչալը հանած`
Մինչև դաստակը սիրտըդ եմ խըրելու:
Քու ոտի հողն եմ, Մոսի´ ջան, Մոսի´,
Դու քու եսիրին երդու՞մ ես տալիս…
Ես էլ Սարոյին չեմ սիրում` ասի,
Տեսնու՞մ ես չոքած ինչպե՞ս եմ լալիս…
-Դու խաբու՞մ ես ինձ, սուտլի´կ, խաբեբա´.
Չե՞ս սիրում ասիր. Էն ի՞նչ է հապա,
Էն ի՞նչ է հապա, որ տեղն ենք մըտնում`
Հեկեկում ես դու գիշերվա մըթնում.
Էն ի՞նչ է հապա, որ դու երազում
«Սարո ջան, Սարո՜… Սարո» ես ասում…
-Մո´սի ջան, Մո´սի, գըլխովըդ շուռ գամ,
Ինձ մի՜ ըսպանիր, ինձ թող էս անգամ.
Էլ չեմ սիրիլ ես, երբ դու չես ուզում,
Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում…
Ինձ մի´ըսպանիր, ղամեդ տար հեռու…
Քու քույրը չե՞մ ես, իմ Մոսին չե՞ս դու…
XVI
Ու էն հարսանքից թըշնամի դարձան
Ախպեր տըղերքը էս դեպքի համար.
Ընկեր, բարեկամ գընացին, եկան,
Կըրկին հաշտության չեղավ մի հընար:
Անկոտրում Մոսին, էլ ո՞ր Մոսին էր,
Որ` աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում,
Իրեն հարազատ քըրոջը տեսներ
Նամարդ ընկերի` Սարոյի գըրկում:
Գուցե գիշերս էլ` իր հերսից անքուն`
Ուզու էր ջահել քըրոջն ըսպանի,
Սարոյի անունն ու սերը թաքուն
Խանչալի ծերով սըրտիցը հանի:
Ո՜վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ
Իգիթ ոսոխներն անհաշտ ու համառ,
Մեկմեկու հոտից ոչխար են քըշել,
Մեկմեկից վըրեժ առնելու համար:
Կարող է նույնպես պատահել հանկարծ,
Որ մեկի դեզը արդյունքը հընձի,
Գիշերվա ժամին հըրով բռընկած,
Երկնահաս բոցով աստղերը խանձի:
ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ
XVII
Ամպերը դանդաղ, ուղտերի նըման`
Նոր են ջոր խըմած ձորից բարձրանում.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լեռան
Նոր է արևը պըռունգը հանում:
Գյուղում աղմուկով իրար են անցնում,
Կըտեր ծերերին կանայք հավաքված,
Տըղերքը դեպի քարափն են վազում`
Հըրացանների կիսերից բըռնած:
XVIII
Եկավ վիթխարի ծերունի մի մարդ,
Կանգնեց վըրդովված տըըղերանց միջին,
Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ
Էսպես նա պատմեց զոռ տալով չիբխին.
-Էս գիշեր, կեսը կըլներ գիշերվա,
Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ,
Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա,
Ամեն մի բանից մընացել եմ խեղճ…
Հա´, հալալ կեսը կըլներ գիշերվա,
Շունը վերկացավ էս կըռան վըրա.
Հեյ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ.
Շունը գազազեց, շունը վեր կալավ…
Հե՜յ գիդի, ասի ինքըս իմ միջում,
Ի՜նչ է մընացել առաջվան տըղից.
Քընում էի վաղ մենակ արխաջում,
Մի ձեն լըսելիս վեր թըռչում տեղից…
Էն էի ասում, քընել չէի դեռ.
Կըլիներ դառը գիշերվան կեսը,
Երկու մարդկային սև կերպարանքներ
Շան առջև փախած` ցած իջան դեսը…
Էս որ լըսեցին, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներդ մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնոտեղ գըտան:
XIX
Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց`
Չոբան Սարոյին գըտնելու համար.
Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց:
-Հալալ է տըղին, ա´յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ:
Մենակ Անուշի ախպերը-Մոսին
Մընաց հանդերում.երդում կերավ նա,
Ուր որ էլ լինին` նըրանց միասին
Գըտնի` կոտորի, սիրտը հովանա:
Մընաց հանդերում: Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր, գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն:
XX
-Աղջի´, Վա´րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցի´ր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլ դառնամ ես,-
Տեսիլք եմ տեսել գիշերս երազում:
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված…
Մի գարիդ գըցիր, թե որդով խընդաս,
Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել.
Ողորմած աստված, քու դուռը բանաս,
Քու ոտի հողն ենք-դու ես ըստեղծել…
Անբան գառները մութ ձորի միջին
Խաղ էին կանչում ու ձենով լալիս,
Սարոյի նանն էլ նըրանց առաջին
Աղլուխ էր առել ու պար էր գալիս…
-Աղջի´, Մա´նիշակ, վատ բան ես տեսել,
Գարիս էլ ահա, էդպես դուրս եկավ.
Էս չարն, էս բարին… Սարոն է էս էլ…
Տե´ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ…
Աստված խընայի ջահել-ջիվանին,
Աստված խընայի իր անբախտ նանին…
XXI
Ու ման է գալի սարերը ընկած
Սարոն փախցըրած եղջերվի նըման,
Օրհասն առաջին, գընդակն ետևից,
Հանդերը` դըժողք, ընկերը` դուշման:
Եվ երբ երեկոն հանդարտիկ ու լուռ
Սարերից իջնում, խավարն է պատում,
Նըրա բայաթին ողբում է տըխուր,
Ընկեր սարերին խոսում, գանգատվում:
-Բարձըր սարեր, ա´յ սարեր,
Ձեն եմ տալի «վա´յ», սարե´ր,
Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք:
Իմ դարդերի թայ սարե´ր:
Որս եմ` բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման
Էս աշխարհքից բեզարած:
Կորչեմ բեզար դատարգուն,
Քարե-սարեսար դատարգուն,
Մեռնեմ պըրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար-քուն:
Ա՜խ, կըմեռնեմ` ամա նա
Վա՜յ թե հանկարծ իմանա,
Ես ազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մընա:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ
XXII
Լալիս է Անուշն երեսին ընկած,
Կանգնած են շուրջը կանայք հարևան,
Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված,
Տարած, ետ բերած , անբախտ աղջըկան:
Աստված խընայեց`կոպիտ ախպերը
Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել,
Իսկ խոժոռադեմ ալևոր հերը
Ըսկսավ փըրփըրած թըքել, անիծել:
-Դու՜րս գընա, կորի´, ա՜յ լիրբ, անըզգա՜մ,
Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ.
Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ,
Գետինը մըտնի երկար հասակըդ:
Տեսա´ր, որ նըրան ատում է Մոսին,
Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ
Դու քանի գըլուխ ունիս քո ուսին,
Որ վեր ես կենում փախչում նըրա հետ:
Խռնըված գյուղացիք կըտուրից իջան`
Մեղմելու կոպիտ բարկությունը հոր,
Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան,
Մի պատկառելի հըսկա ալևոր:
-Դու´րս գընացեք դու´րս, գոչեց տերտերը,
Անուշը թողեք ուղիղն ինձ ասի,
Թողեք նա հյտնի իր միտքն ու սերը,
Նըրանից հետո բանը կըպարզի:
Մի´ լար, իմ աղջի´կ, ինձ խոստովանի´ր,
Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար…
Եթե սիրում ես` էլ դարդ մի´ անիր,
Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ…
-Ի՜նչ են հառաչում, էն ո´վ էր, մի տե´ս,
Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես…
Ո՞վ է ըսպանել… Մոսի՞ն … ու՜մ…ու՜ր…
-Անու՜շ, հե´յ Անու՜շ…ջուր հասցըրե´ք, ջու՜ր…
XXIII
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկընքի մըթնած ամպերից իջներ,
Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց,
Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ:
Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում,
Թըռչում են, ասես ահից հալածված,
Ու նըրանց առջև ահռելի բացվում
Թըշշում է ձորը արյունով լըցված:
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում,
Քարափի գըլխին կանգնած անհամբեր,
Լու՜ռ, սըրտատըրոփ ականջ են դընում,
Նայում են ներքև…ձեն չի գալիս դեռ.
Դեբեդն է մենակ անդընդում` հուզված`
Խըլաձայն ողբով սողում դեպի ցած:
XXIV
Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,
Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր.
Սարսափ է կաթում արնոտ աչքերից,
Եվ կերպարանքը փոխված է բոլոր:
Առանց նայելու մարդկանց երեսին,
Առանց խոսելու, սևակնած, դաժան,
Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին
Սև հըրացանը` սև օձի նըման:
Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված,
Ոչ ոք ծըպըտալ չի համարձակվում,
Մենակ մի հոգի անզուսպ կատաղած`
Հարա՜յ է կանչում, երեսը պոկում:
Մեռած չոբանի պառավ նանն է նա`
Ցավից խելագար, բառաչում, լալիս.
Տարաբա´խտ ծընող, վազում է ահա,
Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս:
XXV
Սըգավոր կանայք նըրա ետևից
Հարա՜յ կանչելով ձորը վազեցին,
Իրենց կորցրածն էլ հիշելով նորից`
Դիակի շուրջը հերթով շարվեցին:
Իգիթին վայել սըրտառուչ ողբով
Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված.
Տըղերքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր.
Մընացին մոտիկ քարերին նըստած:
Ողբացին անշունչ դիակի վըրա`
Անտեր մընացած ոչխարի մասին,
Անսիրտ անեծքով հիշեցին նըրա
Անճար մընացած խեղճ յարի մասին.
Եվ նըրա մասին, որ ընկերները
Հանդը գընալիս Սարո կըկանչեն,
Որ սարից փախած սոված շըները
Կըտերը պիտի ոռնան, կըլանչեն:
Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած,
Օճորքում դըրած պիտի մըրոտի,
Երկար խանչալը պատիցը կախած,
Պատենում մընա ու ժանգը պատի…
Որ հով սարերի սովորած նանը
Էլ սար չի գընալ առանց Սարոյի:
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի:
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը ծեր նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն`
Մի անգամ խոսի, աչքը բաց անի:
-Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան` որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի´ որդի, դավաճա´ն որդի…
Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել, չորացել էին.
Նըրանց արանքից ատամները բաց`
Սիպտակ շարքերով երևում էին:
Ու նա կատաղած` հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված…
-Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն,
Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՜ն…
Արևս հանգավ, Սարո ջա՜ն…
Գիշերս ընկավ, Սարո ջա՜ն…
Գիշերը ընկավ, թանձրացավ մութը,
Ու նըվաղեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՜ն, հանգա՜ն… Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում:
Սըգվոր գետը`
Ծեր Դեբեդը,
Սիրտը քըրքրած,
Ջուրը փրփրած,
Քարոտ ափին,
Լեռ քարափին,
Դեռ ծեծում է,
Հեծեծում է…
XXVI
Եվ մի քանի ընկեր-տըղերք
Ձորում, գետի եզերքին,
Փոս փորեցին ու սըրտաբեկ
Հողին տըվին հովվի դին:
Ծառ ու ծաղիկ` սըվսըվալով
Բույր խընկեցին դյուրեկան,
Ծեր Դև-բեդն էլ ահեղ ձենով
Երգեց վըսեմ շարական:
Ու տըղերքը տըխուր ու լուռ
Վերադարձան դեպի տուն,
Ձորում թողած մի սև բըլուր,
Մի գերեզման անանուն:
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ
XXVII
Գարունը եկավ, հավքերը եկան,
Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան.
Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր,
Գետի եզերքին շըրջում է մոլոր,
Շըրջում է մոլոր, խընդում ու լալիս:
Երգեր է ասում ու ման է գալիս:
-Սիրուն աղջի´կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՜նչ ես լալիս ու ման գալիս
Էս ձորերում ամեն օր:
Թե լալիս ես` վարդ ես ուզում`
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես` յարդ ես ուզում,
Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց…
Արտասվելով, լալով էդպես
Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչու՞ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ:
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա, նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի:
-Շնորհակալ եմ, անցվոր ախպե´ր,
Աստված պահի քու յարին.
Ճամփիդ վերջում կանգնած է դեռ
Անուշ ծիծաղն աչքերին…
Ուրախ սըրտով դուք ձեր սերը
Վայելեցեք անթառամ,
Ինձ արցունք է տըվել տերը,
Ես պիտի լամ, պիտի լամ…
Ու ման է գալիս,
Երգում է, լալիս:
Երգերը անկապ, երգերը տըխուր,
Արցունքի նըման հոսում են իզուր.
Բայց լալիս է նա ու երգեր ասում,
Ու միշտ էն անմիտ տըրտունջն է խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարհքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մընացին որբ ու անչոբան,
Թե ինչպե´ս հանկարծ նա գընաց հեռու,
Էլ չի դառնալու՜, էլ չի դառնալու՜…
-Ե´տ դառ, ե´տ, իգի´թ,
Ետ դառ, անիրա´վ,Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ոչխարդ էն սարով
Շուռ տուր, տու´ն արի,
Փախի´ր գիշերով
Ու թաքուն արի…
Ա´խ, էն կանաչ սարի լանջին
Ո՞վ է քընած էն տըղեն,
Վըրեն քաշած սև յափընջին,
Կուռը հանած էն տըղեն…
Ջա՜ն, իմ յարն է, ջանի´ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մու՜շ-մու՜շ, անուշ մըրափել:
Վե´ր կաց, վե՜ր, իգի´թ,
Վե´ր կաց, անիրավ,
Ոչխարըդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…
Արի՜, ջա´ն, արի՜,
Կարոտըս առնեմ…
Տեսե´ք, տեսե´ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք է դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի…
Աղջի´, աղջի´, մըտիկ արեք,
Էս ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ էր տեսել էսպես հարսնիք-
Ո´չ հարս ունի, ո´չ փեսա…
Բերում են հըրեն,
Ամա՜ն, մեր տան դեմ…
Վե՜ր դըրեք, վըրեն
Հյուսերըս քանդեմ…
Ես էլ եմ գալի՜ս,
Էդ ու՞ր եք տանում…
Ինձ էլ թաղեցեք
Իր գերեզմանում…
Ա՜խ, չէ´, ամա՜ն, ասում են դա
Մի դիակ է լու՜ռ, սառած,
Արյունը չոր դեմքի վըրա,
Աչքերն անթարթ, սիպտակած:
Նա սիրուն էր, անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս էր ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով…
Արի՜, ջա՜ն իգիթ,
Արի՜, անիրա´վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Էլ մի´ ուշացնի,
Ես շատ եմ կացել,
Էլ մի լացացնի,
Ես շատ եմ լացել…
Տե՜ս, կըխռովե՜մ,
Լաց կըլեմ ես է՜լ…
Չեմ խոսիլ քեզ հե՜տ…
Չեմ սիրիլ քեզ է՜լ…
XXVIII
Անլըռելի վըշվըշում է
Պըղտոր ջուրը Դեբեդի
Նըրա ափին կանաչում է
Մենակ շիրիմն իգիթի:
Նըրա շուրջը հեգ սիրուհին
Թընդացնում է ողբ ու լաց,
Ձեն է տալիս իր Սարոյին
Ու պըտըտվում մոլորված:
Ու հոսում է գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ աղջկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չըկա՜, չըկա՜ ու չըկա…
Վըշվըշում է գետը-վու՜շ, վու՜շ,
Ու հորձանք է տալիս հորդ,
Ու կանչում է` «Արի՜, Անու՜շ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ…»
-Անու՜շ, ա՜յ աղջի՜, Անու՜շ, տու՜ն արի…
Կանչում է մերը վերևից, կանչու՜մ.
Լու՜ռ են ձորերը, լու՜ռ են ահռելի,
Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում:
Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրիկ,
Վու՜շ քու սերին, քու յարին,
Վուշ-վու՜շ, Սարո´, վուշ-վու՜շ, իգի´թ,
Վու՜շ քու սիրած սարերին…
XXIX
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լըռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս` կարոտով մի հեզ համբուրվում
Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում:

Комментарии

Популярные сообщения