«Նախադպրոցական կրթություն» մասնագիտության շրջանավարտ եմ
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Հետաքրքիր է ամեն տարի կրթահամալիրի մի նոր տեսակի շրջանավարտ լինելը: Մի տարի Ավագ դպրոցի շրջանավարտ, մի տարի՝ քոլեջի. տեսնես հաջորդիվ ո՞րն է լինելու .... 2015-2016 ուստարում ավարտվեց սովորողի գործունեությունն իմ Ավագ դպրոցում, դարձա կրթահամալիրի աշխատող-ուսանող: Ընտրեցի-ընդունվեցի մեր քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտական բաժինը, և արդեն 2017-2018 ուստարում կավարտվի նաև այստեղի իմ անելիքը՝ միայն որպես ուսանող: 2018 թ.-ի մարտ-հուլիս ամիսները թեժ են լինելու, մեծածավալ ու ոգևորող աշխատանք ունենք անելու, որի մասին էր հենց այսօրվա մեր՝ շրջանավարտների հանդիպում-հավաքը կրթահամալիրի տնօրեն, դիպլոմային նախագծի ղեկավար Աշոտ Բլեյանի հետ: Համայնքային ծես-դիպլոմային նախագծի նպատակը ծեսով ուսուցումն է պարտեզներում, ազգային ծեսի փոխանցումը, յուրացումն ու համայնքային ծեսերի կազմակերպումը Երևանում, Աշտարակում, Արտաշատում և այլուր: Հավաքի ընթացքում մանրամասն ներկայացվեցին, քննարկվեցին բոլորիս անելիքները, նպատակները: Նախագծային խմբերը հինգն են, որտեղ ներառված են կրթահամալիրի, Աշտարակի, Արտաշատի, Երևանի այլ մանկապարտեզներում աշխատող շրջանավարտները: Նշանակված են խմբերի ղեկավարներ, խորհրդատուներ և իհարկե, կազմակերպիչ: Գրավիչ է լինել նշված աշխատանքային խմբերից մեկում, գործել, օգնել ստեղծելու ու տարածելու ազգայինը, իսկականը:
Комментарии
Отправить комментарий