Վայելել է պետք կյանքի հավես ժամերը



Ուսումնական ճամփորդությանը կարևորություն տալ՝ իր տևողությունից ելնելով, ըստ իս, ճիշտ բան չէ: Ե՛վ սովորող լինելու ընթացքում, և՛ հիմա՝ որպես այդ ճամփորդությունների կազմակերպիչ, ես այդ օրվան կամ օրերին պատրաստվում եմ նույն եռանդով և դա շատ լավ է, խորհուրդ եմ տալիս լինե՛լ այդպիսին:

Շնորհակալ ենք Սոնա Փափազյանին ֆեյսբուքյան իր հետաքրքրությունների համար: Հենց իր մոտ ես գտա դեպի Լեռնանիստ ուղղությունը, որն էլ, ինչպես ասում են, ցեցը գցեց մեջներս: Մի զանգ, մի պայմանավորվածություն, հայտարարություն և համապատասխան տրամադրությունով զինված խումբը պատրաստ է:
Ձմեռային կյանքը վայելել է պետք. վայելել հենց այնպես, ինչպես մենք վայելեցինք այսօրվա մեր ժամերը: 2019-ի մեկնարկը գեղեցկանում է հենց ձմեռային մարզական խաղերով:
Հետաքրքիր խումբ էր, կազմված՝ 16 սովորողից և 2 կազմակերպչից: Այս խմբում կային շատ ճամփորդող, շատ քիչ ճամփորդող և գրեթե չճամփորդող սովորողներ: Առանձնացնել ցանկանում եմ 11-րդ դասարանի երկու սովորողի՝ Էլիզային Աբրահամյան և Ռիմային Սիմոնյան, ովքեր արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում են կրթահամալիրի Ավագ դպրոցում, սակայն առաջին (վրիպելու դեպքում՝ երկրորդ) անգամ ցանկություն հայտնեցին ճամփորդել մեր խմբի հետ: Սիրելիներս, սա թող լինի ձեր ճամփորդական կյանքի սիրուն օրերից. նորովի լավն էիք՝ երկուսդ էլ: Շատերը կսպասեն մեր գեղեցկադեմ լուսանկարների շարքին, առավելապես երբ խմբում էր Եվա Բերբերյանը՝ Ավագ դպրոցի կինո-ֆոտո խմբից, բայց, պետք է ասեմ, որ այսօր մենք չունենք դրանք, քանի որ եղանակն այնտեղ չթողեց աշխատել որևէ տեխնիկայի: Մենք սիրում ենք այստեսակ օրերը. իրական, սովորեցնող են դրանք, թող շատ լինեն բոլորիս կյանքում:

















Комментарии

Популярные сообщения