Պատում

Իսկ ինչո՞ւ այս վերնագիրը. «Թումանյանի հետ»:
Այն լուրջ պատճառով, որ Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ: Հետն ենք ամբողջ կյանքներումս՝ տակավին գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ: Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի:


Գիտակցաբար է գործածվում «գրող» բառը փոխանակ «բանաստեղծ»-ի՝ այն նկատառմամբ, որ ամեն բանաստեղծ դեռ գրող չէ, ինչպես որ ամեն կին դեռ մայր չէ: Իսկ Թումանյանը ոչ միայն բանաստեղծ է, այլև արձակագիր: Ավելի՛ն. Թումանյանը մեր ա՛յն միակ բանաստեղծն է, որ գրել է համարյա թե գրական բոլոր ժանրերով ու տեսակներով, ըստ որում ոչ թե սոսկ գրելու փաստով (այդպիսի ուրիշ անուններ կարող ենք հիշել), այլ այն իրողությամբ, որ ամենուրեք հանդես է եկել իբրև դասական, իբրև օրինակելի, իբրև չափանիշ: Ե՛վս ավելին. Թումանյանը, որ գերազանցապես գրել է չափածո, իր չափածոյի մեջ էլ մնում է արձակագիր (այս բառի գերդրական իմաստով): Ինքնե՛րդ մտածեք. չէ՞ որ «Անուշ»-ը կարող էր գրվել արձակ, ինչպես որ «Գիքորն» էլ՝ չափածո: Տարբերությունը կլիներ երևութական և ոչ էական: Եվ այս՝ թերևս այն պատճառով, որ Թումանյանն իր թե արձակ և թե չափածո երկերում միշտ էլ թաքնված «դրամատուրգ» է (իր իսկ խոստովանությամբ): Ահա թե ինչու, իմ ըմբռնումով, «բանաստեղծ» բառը Թումանյանի համար քիչ է և նեղ: Շատ ավելի հարմար ու վայելուչ է «գրողը»: Եվ Թումանյանն է այն հազվագյուտ բանաստեղծը, որ եթե ոչ մի տող արձակ էլ գրած չլիներ, դարձյալ պիտի կոչվեր գրող՝ այնքա՛ն լեցուն է նրա պոեզիան պատմողական տարրերով, հոգեբանական վերլուծություններով, կերպարային ու տիպային կերտվածքներով: Եվ ամեն ազգ ունենում է այսպիսի միայն մե՛կ բանաստեղծ: Եվ այս միայն մե՛կ բանաստեղծն է, ում հետ լինում է ամբողջ ազգը ամբողջ կյանքում՝ դեռ գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ: Այս պատճառով էլ՝ «Թումանյանի հետ»: Թումանյանագիտությունը իր ծննդյան օրերից գերադասությունը տվել է Թումանյան - էպիկին: Եթե խոսքը այսքանով վերջանար, ավելացնելու բան չէր մնա: Բայց մեկ անգամ չէ, որ հայտվնել է նաև այն կարծիքը, թե Թումանյանը լիրիկ չէ: Այստեղ է սխալը
Թումանյանը նաև քնարերգակ է, բարեբախտաբար, և, իմ անձնական կարծիքով, հեռավոր ապագայի տաք ու պաղի մեջ իր քնարական գոհարները անհամեմատ ժանգազերծ կմնան, ուստի և կստանան առավել հնչեղություն, քան այժմ: Բայց չեմ կարող չավելացնել, որ Թումանյանը, իբրև քնարերգու, անզուգական չէ, այլ մեկն է սակավաթիվներից: Նրա քնարական արժեքների դիմաց նույն քանակի ու որակի արժեքներ կարող ենք դնել Պեշիկթաշլյանից ու Դուրյանից, Իսահակյանից ու Վարուժանից, Մեծարենցից ու Թեքեյանից, Տերյանից ու Չարենցից: Թումանյանի անզուգականությունը այլ տեղ է: Իհարկե, ամեն մի ճշմարիտ արվեստագետ էլ որոշյալ չափով անզուգական է: Այդ է նրա ծննդյան նախապայմանը: Բայց եթե անզուգականություն բառին տանք ոչ թե որոշյալ, այլ բացարձակ կիրառություն, ապա համարձակվում եմ ասելու, որ մեր նոր գրականության մեծերից ոչ մեկի գործունեությանը այնքան չի վայելում անզուգական բառը, որքան Թումանյանինը: Չմոռանանք, որ անզուգական նշանակում է իր զույգը չունեցող, և շարունակենք այս «վտանգավոր» միտքը ըստ մեր գրականության լայնքի ու երկայնքի: Դեպի ետ գնալով՝ անզուգական կարող ենք անվանել միայն Նարեկացուն և կարծեցյալ Քուչակին (միջազգային միջավայրում) և Սայաթ-Նովային (միայն ազգային միջավայրում): Նոր ժամանակներում՝ միայն Թումանյանին (դարձյալ ազգային միջավայրում): Եվ ահա մի վայրկյան երևակայեցեք, թե չի եղել... Թումանյանը: Նրա տեղը կմնար... թափուր, ինչպես, որ թափուր կմնար տեղը մեկ էլ... Աբովյանի: Միա՛յն սրանց: Հենց այս է, որ նշանակում է... անզուգական: Մեկ, որ հիշել ենք Աբովյանին, չենք կարող զուգորդաբար չմտածել, որ աստծու սիրելի Թումանյանն ուներ և մի պատժվածություն, որ իրենը չէր, այլ իր ազգինը: Այն, ինչ արեց Թումանյանը, պիտի արվեր գոնե 100 տարի առաջ (Աբովյանի օրերին՝ թումանյանական մակարդակով): Այս դեպքում բոլորովին այլ ընթացք ու շարունակություն կունենար մեր նոր գրականությունը, մանավանդ բանաստեղծությունը: Բայց Թումանյանը չէր, որ չշտապեց. ազգն էր, որ չէր կարող չուշանալ՝ պատմական իր այն վիճակի պատճառով, որ գիտենք բոլորս, ուստի և ծավալվելու հարկ չկա:
Իր պորտից վեր չէր կարող թռչել նա՛և Թումանյանը, մանավա՛նդ Թումանյանը, որ, իբրև վիթխարի անհատականություն, չէր կարող բարձր չլինել և իսկապես էլ բարձր էր իր ժողովրդից: Բարձր էր՝ իր պորտից վեր: Բայց իր պորտով այնպես էր կապված նույն այդ ժողովրդին, ինչպես մանուկն արգանդում. այդ պորտը երբեք չկտրվեց ու մշտապես մնաց սնող ու զորացնող մի խողովակ, որ հազվագյուտների սեփականությունն է: Պորտից վեր լինել իր ժողովրդից և միաժամանակ իր պորտը երբեք չկտրել նույն ժողովրդից - ահա մի դեպք, որ սակավ է լինում, ինչպես գիսաստղերի վերադարձը: Այդ դեպքում է, որ բախտ ասվածը երկվորյակվում է ճակատագիր ասվածին: Եվ Թումանյանի «ուշացածությունը» նկատի առնելով, չենք կարող չասել, որ Թումանյանի (ավելի ճիշտ՝ մեր ազգային բանաստեղծության) բախտը այնքան էլ չբանեց, բայց ճակատագի՜րը... Ըստ որում չմոռանանք, որ ճակատագիրն էլ հենց այն է, որ անջնջելի է մնում ոչ միայն ապրող, այլև արդեն մեռած-մաշկաթափ գանգի վրա... Ո՞րն է Թումանյանի ճակատագիրը: Այլ կերպ ասած՝ ինչո՞վ է նա անզուգական: Երկրորդ հարցադրմամբ՝ ինչո՞վ է նա դարձել այն բանաստեղծը, որի նմանը միայն մեկ հատ է լինում ամեն ազգի մեջ: Ինչպես ամեն անհատ, այնպես էլ ամեն ազգ ունենում է իր կենսագրությունը: Ու եթե ամեն անհատի կենսագրությունը չէ, որ գրվում է, ապա ամեն ազգի կենսագրություն գրվում է անպայման՝ վաղ թե ուշ: Եվ ահա Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի ետմիջնադարյան պամության կենսագիրը: Այստեղ է Թումանյանի անհամեմատելի մեծությունը, այստեղ է նա անզուգական, այստեղ է նա միակ, ուստի և անփոխարինելի: Եվ իսկապես էլ հայ ժողովրդի ետմիջնադարյան ամբողջ կյանքն ու կենցաղը, նիստն ու կացը, կեցությունն ու կեցվածքը, հոգեբանությունն ու հոգեխառնությունը արտացոլված կամ արտահայտված են Թումանյանի բազմաժանր ստեղծագործությամբ:
Ակամա չե՞ք հիշում Խաքանիի սքանչելի քառյակը՝ Թումանյանի թարգմանությամբ.

Ասում են՝ թե հազար տարին մի անգամ
Մի փրկիչ է աշխարհ գալիս,- մի պատգամ.
Մի, երբ եկավ, ծընված չէինք մենք մորից,
Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից:

Նա էր, որ եկավ փրկելու մեր հազար տարվա կան ու չկան՝ արձանագրելով ու հավերժացնելով: Ըստ այսմ՝ նա դարագլուխ չսկսեց, այլ դարագլուխ փակեց. մինչև 20-րդ դարի մեր ժողովրդական կյանքի համագումարն արեց, հանրագումարն ստացավ, անխոս հուշելով աստվածաշնչյան Դավիթ - «Ժողովող»-ի սքանչելի խոսքը. «Պակասեալն ոչ կարասցե ի թիւ անուանել»-«Այն,որ պակաս է, չի կարող համրվել»... Թումանյանն է, որ «երբ եկավ, ծընված չէինք մենք մորից
»:

Комментарии

Популярные сообщения