Գործուղումից վերադարձած

Լուսանկարը՝ Գոռ Խլոյանի
Նախկինում «Փոքր Մհեր» անունը կրող ռազմական կրթահամալիրի իրավահաջորդ, ներկայումս՝ Արամ Մանուկյանի անունը կրող մարզառազմական մասնագիտացված դպրոցի 40 հոգիանոց խումբն Արատես դպրական կենտրոնում է
Հոկտեմբերի 31-ին, ժամը 8:40 Երևանից շարժվեցինք դեպի Արատես չորս հոգով. ես, Խլոյան Գոռը, պարբերաբար կոկորդը մաքրող՝ նշված դպրոցի տնօրենը և դպրոցի սպայական կազմից երաժշտական բարձր ճաշակ ունեցող մեկը՝ պրն. Դավեյանը՝ որպես վարորդ-սպա: Եղանակային ամենասիրուն պայմաններում մեզ ողջ ճանապարհին ուղեկցում էր մեքենայում հնչող Boney M-ը, Adriano Celentano-ն՝ 1987թ.-ին լույս տեսած իր "Susanna"-ով, Frank Sinatra-ն, Amy Winehous-ն ու իմ կողմից սիրելի այլ կատարողներ: Օրվա մեկնարկն այսպես նկարագրելով, ցանկանում եմ փոխանցել այն զգացողությունները, որոնք ունեցա Երևան-Վայոց Ձոր ընկած ճանապարհն անցնելու ընթացքում: Հետաքրքիր էր, խաղաղ, սիրու՜ն ....
Ճամբար հասնելուն մնացել էր բարձունքի վրա անցնել ընդամենը մի քանի մետր, երբ տեսա մեր մեքենան տեսնող ու իրար խառնվող, շարասյուներով շարվող սովորողների զինվորական հագուստները: 
Ճամբարում, ինչպես հարկն է, դիմավորեցին մեզ. ազգային օրհներգ, ողջույնի խոսքեր, նոր ծանոթություններ ու մեկական բաժակ թարմացնող սուրճ՝ երկար ճանապարհ անցածների համար: Միանգամից պետք է նշեմ, որ տպավորիչ բանակում էր. թվում էր, թե վաղուց են այստեղ, այնքան հմուտ էին ու պատրաստված։
Կատարյալ մաքրությունը, մաքուր օդը, ձյունապատ, կանաչ ու դարչնագույն լեռներն են շրջապատում արատեսյան մեր միջավայրը, որտեղ էլ ռազմամարզական դպրոցի խումբը հաճույքով ու մեծ ոգևորությամբ իրականացնում է իր ամենօրյա ճամբարային օրակարգը, ներառյալ՝ մարզառազմական խաղեր, շարային վարժություններ, արշավներ, առարկայական պարապմունքներ, տարածքի մաքրում, մշակութային երեկոներ խարույկի շուրջը, երեքանգամյա ճաշ և այլն:
Երկար զրույց ունեցա և՛ դպրոցի տնօրեն պրն. Թովմասյանի, և՛ ճամբարի կազմակերպիչ-ղեկավարի՝ գնդապետ պրն. Բալիկյանի հետ, որոնք մեծ ափսոսանքով նշում էին, որ սա դպրոցի սովորողների  համար կազմակերպվող առաջին մարզառազմական ճամբարն է։ Բայց ցանկանում են, որ ճամբարը պարբերական լինի, բաց, փոխանցող, գործող ու տարածող: Նախատեսում են համագործակցություն, համատեղ ծրագրով նույնատեսակ ճամբարների կազմակերպում կրթահամալիրի, ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցի հետ: Ուրախ են կրթահամալիրի հետ համագործակցության համար, պատրաստվում են մասնակցելու կրթահամալիրի տոնին, նաև՝ հարիսայի ծեսին։
Շնորհակալություն պարոնայք սպաներին մեզ ուղեկցելու, Երևան-Արատես-Երևան անվտանգ ճամփորդելու համար: Ուրախ եմ աշխատանքային օրվա այսպիսի կազմակերպումից:
Ճամբարականների հետ հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ: Իմ զրուցակիցներն են ճամբարի կազմակերպիչ-ղեկավար գնդապետ պրն. Բադիլյանը և ճամբարականներ:
Օրվա նկարաշարը՝ այստեղ:
Ուրախ եմ աշխատանքային օրվա այստեսակ կազմակերպման համար:

Комментарии

Популярные сообщения