«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցն իրականացնում է 2018-2019 ուստարվա ընդունելություն


Բարի օր, սպասված ընթերցող: Ես Ջուլիետա Սիմոնյանն եմ, ծնված 1998 թվականի, ապրիլի 18-ին: 2013-2014 ուստարվանից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ, նախ՝ որպես Ավագ դպրոցի սովորող, այնուհետև՝ 2015-2016 ուստարվանից, որպես կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսուցչի օգնական-կազմակերպիչ և Քոլեջի՝ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանող: Սա իմ աշխատանքային-ուսումնական մեդիաբլոգն է, որտեղ կարող եք ծանոթանալ իմ գործունեությանը, առորյային, կատարած աշխատանքներին:
Կրթահամալիրի Ավագ դպրոցը կարող է դառնալ Ձեր, Ձեր ընկերոջ, ընկերուհու, քույրիկի կամ եղբոր ուսման կազմակերպման անփոխարինելի և սիրելի մասնիկը: Այստեղ մեր դպրոցի էլեկտրոնային կայքն է, որը գործում է որպես դպրոցի պաշտոնական տեղեկատվական, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոցի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։ Ավագ դպրոցում, և ընդհանրապես, կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, ըստ որի.

·        Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի, դպրոցի ուսումնական օրացույցի, դպրոցի ուսումնական պլանի, առանձին սովորողների անհատական ուսումնական պլանների և դասացուցակների հիման վրա:
·        Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ դասընթացի խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, երգչախումբ: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
·        Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների ձևով:  
·        Դպրոցում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
·        Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արհեստանոցներում, արվեստանոցներում:
·        Սովորողը դպրոց ընդունվում է կրթահալիրում սահմանված կարգով
9-12-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան տարիքի սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Մայր դպրոցում: Դասարանում ընդգրկվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: 9-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար ուսումնական տարվա ընթացքում մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարըԸնդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
·        Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ` իրականացվում են ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում: Սովորողը լրացուցիչ կրթությունը կարող է իրականացնել կրթահամալիրից դուրս:
·        Դպրոցում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

Կյանքի այս գեղեցիկ ճամփաբաժնին պատրաստակամությամբ, բարեկամաբար և հաճույքով կսպասենք Ձեզ:

Գտեք և դիմեք մեզ այս հասցեում՝ Երևան, Բաբաջանյան 25, hեռ. (+37410)740042
Դպրոցի ղեկավար՝ m.asatryan@mskh.am, հեռ. (+37495)617070
Դպրոցի կազմակերպիչ՝ Julieta.s@mskh.am , հեռ. (+37494)420707




Комментарии

Популярные сообщения